Posted in Մայրենի

Ընթերցյանության օր

Այսօր մեզ մոտ ընթերցյանության օր էր. Ես կարդացել եմ <<Փոքրիկ Իշխան>>-ը, ես արդեն հասել եմ VII-X-րդ մասը 35-51-րդ էջը.

Ահա թե ինչքան եմ ես կարդացել.

VII

Հինգերորդ օրը դարձյալ գառնուկի շնորհիվ ես իմացա Փոքրիկ իշխանի գաղտնիքը:

Առանց նախաբանի, նա այնպես միանգամից հարց տվեց, որ թվում էր, թե նման եզրակացության էր հանգել երկար ու լուռ մտորումներից հետո.

– Եթե գառնուկը թփեր է ուտում, ուրեմն ծաղի՞կ էլ կուտի:

– Ինչ որ պատահի՝ կուտի:

– Նույնիսկ փշոտ ծաղիկնե՞րը…

– Նույնիսկ փշոտ ծաղիկները:

– Այդ դեպքում ինչի՞ համար են փշերը:

Ես այդ չգիտեի: Բացի այդ, ես շատ էի զբաղված: Շարժիչի մեջ մի հեղույս էր փչացել, և ես աշխատում էի այդ հեղույսը մի կերպ դուրս հանել: Ես ինձ կորցրել էի, իմ դրությունը լրջանում էր. Խմելու ջուր գրեթե չէր մնացել, և ես սկսում էի վախենալ, թե իմ հարկադրված վայրէջքը կարող է վատ վախճան ունենալ:

– Ինչի՞ համար են փշերը:

Փոքրիկ իշխանը մի անգամ որ հարց էր տալիս, էլ չէր հանգստանում, մինչև պատասխանը չստանար: Չենթարկվող հեղույսն ինձ համբերությունից հանել էր, դրա համար էլ հենց այնպես պատասխանեցի.

– Փշերը որ մի բանի էլ պետք չեն, ծաղիկները չարությունից են փուշ հանում:

– Այ թե ի՜նչ…

Լռություն տիրեց: Հետո նա գրեթե բարկացած ասաց.

– Ես քեզ չեմ հավատում: Ծաղիկները թույլ են ու բարի: Եվ նրանք աշխատում են իրենց քաջ ցույց տալ: Կարծում են, որ եթե փուշ ունենան, բոլորը իրենցից կվախենան…

Ես չպատասխանեցի: Այդ պահին ես մտածում էի. «Եթե այս հեղույսը հիմա դուրս չգա, ես այնպես կխփեմ, որ ջարդուփշուր կլինի»: Փոքրիկ իշխանը նորից իմ մտքերն ընդհատեց.

– Իսկ դու կարծում ես, թե ծաղիկները…

– Չէ՛, ես ոչինչ էլ չեմ կարծում: Ես քեզ ասացի գլուխս եկած առաջին բանը… Չե՞ս տեսնում, որ լուրջ գործով եմ զբաղված:

Նա զարմացած նայեց ինձ.

– Լուրջ գո՞րծ:

Ու շարունակեց ինձ նայել:

Մեքենայի յուղով ամբողջովին կեղտոտված, մուրճը ձեռքիս՝ ես կռացել էի անհասկանալի առարկայի վրա, որ նրան այլանդակ բան էր թվում:

– Դու մեծահասակի նման ես խոսում, – ասաց նա:

Ես ամաչեցի: Իսկ նա անողոք կերպով ավելացրեց.

– Ամեն ինչ դու խառնում ես… ոչինչ չես հասկանում:

Այո՛, Փոքրիկ իշխանը կարգին նեղացել էր: Նա գլուխը ցնցեց, ու քամին նրա ոսկեգույն մազերը խառնեց:

– Ես մի մոլորակ գիտեմ, որի վրա մի կարմրադեմ պարոն է ապրում: Նա իր ամբողջ կյանքում ծաղկից ոչ մի անգամ հոտ չի քաշել: Ոչ մի անգամ աստղերին չի նայել: Նա երբեք և ոչ ոքի չի սիրել: Եվ երբեք նա ոչինչ չի արել:

Նա միայն մի գործով է զբաղված. թվեր է գումարում: Եվ առավոտից մինչև գիշեր մի բան է կրկնում. «Ես լուրջ մարդ եմ, ես լուրջ մարդ եմ», – իսկ և իսկ քեզ նման: Եվ դեռ գոռոզությունից էլ փքվում է: Իսկ իրականում նա մարդ չէ:

Նա սունկ է:

– Ի՞նչ…

– Սունկ…

Փոքրիկ իշխանը նույնիսկ զայրույթից գունատվեց:

– Միլիոնավոր տարիներ ծաղիկների վրա փշեր են աճում: Եվ միլիոնավոր տարիներ գառնուկները ծաղիկ են ուտում: Մի՞թե լուրջ գործ չէ՝ հասկանալ, թե ինչու են նրանք ամբողջ ուժով փուշ աճեցնում, եթե փշերից ոչ մի օգուտ չկա: Մի՞թե կարևոր չէ, որ գառներն ու ծաղիկները կռվում են միմյանց դեմ: Իսկ մի՞թե դա ավելի լուրջ և կարևոր չէ, քան կարմրադեմ ու հաստափոր պարոնի թվաբանությունը: Ես եթե ես աշխարհում միայն մի ծաղիկ գիտեմ, որն աճում է իմ մոլորակի վրա, և ուրիշ այդպիսի ծաղիկ ոչ մի տեղ չկա, իսկ փոքրիկ գառնուկը մի գեղեցիկ առավոտ հանկարծ կուտի այդ ծաղիկը և չի էլ հասկանա, թե ինչ է անում: Սա քո կարծիքով կարևոր չէ՞:

Նա թունդ կարմրեց: Հետո նորից սկսեց խոսել.

– Եթե դու մի ծաղիկ ես սիրում՝ միակը, որի անունը միլիոնավոր աստղերից և ոչ մեկի վրա չկա, դա արդեն բավական է: Դու նայում ես երկնքին ու քեզ երջանիկ ես զգում: Եվ դու ասում ես քեզ. «Այնտեղ՝ ինչ-որ մի տեղ, ապրում է իմ ծաղիկը…»: բայց եթե գառնուկը ծաղիկն ուտի, այդ նույնը կլինի, եթե բոլոր աստղերը միանգամից մարեն: Եվ դա, քո կարծիքով, կարևոր չէ՛…

Նա այլևս չկարողացավ խոսել: Հանկարծ սկսեց հեկեկալ: Մթնեց: Ես գործս թողեցի: Ինձ համար արդեն ծիծաղելի էին այդ չարաբաստիկ հեղույսն ու մուրճը, ծարավությունն ու մահը: Մի աստղի վրա, մի մոլորակի վրա՝ Երկիր անունով իմ մոլորակի վրա, լալիս էր Փոքրիկ իշխանը, և հարկանոր էր նրան մխիթարել: Ես նրան գրկեցի ու սկսեցի օրոր ասել: Ես նրան ասում էի. «Քո սիրած ծաղիկին վտանգ չի սպառնում…

Ես քո գառնուկին դնչկալ կնկարեմ… Ես քո ծաղկի համար զրահ կնկարեմ… Ես…»: Ես լավ չէի հասկանում, թե ինչ եմ ասում: Ես ինձ սարսափելի անճար ու անշնորհք էի զգում: Ես չգիտեի, թե ինչպես կանչեմ, որպեսզի նա լսի, ինչպես հասնեմ նրա հոգուն, որը սահում, հեռանում էր ինձանից… Չէ՞ որ շատ խորհրդավոր ու առեղծվածային է արցունքների աշխարհը:

VIII

Շատ շուտով ես ավելի ճանաչեցի այդ ծաղիկը: Փոքրիկ իշխանի մոլորակի վրա մինչ այդ աճում էին սովորական ու համեստ ծաղիկներ, որոնք քիչ թերթեր ունեն, շատ քիչ տեղ են գրավում և ոչ ոքի չեն անհանգստացնում: Նրանք առավոտները բացվում են խոտերի մեջ և երեկոները թառամում: Բայց այս մեկը ծլեց մի սերմից, որը չգիտես թե որտեղից էր ընկել նրա մոլորակի վրա, և Փոքրիկ իշխանը աչքը չէր կտրում մնացած ծիլերին ու շյուղերին բոլորովին չնմանվող այդ փոքրիկ թփիկից: Հանկարծ ու դա բաոբաբի մի նոր տարատեսակ լիներ: Բայց թփիկը շուտով դադարեց բարձրանալուց, ու նրա վրա կոկոն հայտնվեց: Փոքրիկ իշխանը այդքան մեծ կոկոն չէր տեսել և արդեն նախազգում էր, որ հրաշք է լինելու: Իսկ անծանոթ հյուրը, իր կանաչ սենյակի մեջ թաքնված, դեռևս պատրաստվում էր, գեղեցկանում: Խնամքով գույներ էր ընտրում: Նա առանց շտապելու զարդարվում էր՝ իրար հետևից վրան փորձելով թերթերը: Նա չէր ուզում մի ինչ-որ կակաչի նման աշխարհ գալ գզգզված: Նա ուզում էր երևալ իր գեղեցկության ամբողջ փայլով: Այո՛, դա մի սարսափելի պճնամոլ էր: Խորհրդավոր նախապատրաստությունները օրեր էին տևում, և ահա, վերջապես, մի օր առավոտյան՝ դեռ արևը չծագած, թերթերը բացվեցին:

Եվ գեղեցկուհին, որ այդ պահի համար բավական երկար աշխատանք էր թափել, հորանջելով ասաց.

– Ա՜խ, հազիվ արթնացա… Խնդրում եմ՝ ներեք ինձ… Ես դեռ բոլորովին գզգզված եմ…

Փոքրիկ իշխանն իր հիացմունքը չկարողացավ զսպել.

– Ինչքա՜ն գեղեցիկ եք դուք:

– Ի՞նչ եք ասում… – եղավ մեղմ պատասխանը: – Տեսեք, է՜, ես ծնվեցի արեգակի հետ:

Փոքրիկ իշխանը, իհարկե, հասկացավ, որ զարմանալի հյուրը համեստությամբ չի տառապում, բայց դրա փոխարեն նա այնքան գեղեցիկ էր, որ մարդու շունչ էր կտրվում: Իսկ ծաղիկը շուտով ասաց.

– Կարծես թե նախաճաշի ժամն է: Բարի եղեք, խնդրում եմ, զբաղվեք ինձնով…

Փոքրիկ իշխանը շատ շփոթվեց,հետո նա գտավ ցնցուղն ու աղբյուրի ջուր ցանեց ծաղկի վրա: Շուտով պարզվեց, որ գեղեցկուհին հպարտ է ու շուտ վիրավորվող, և Փոքրիկ իշխանը նրա ձեռքին տանջահար եղավ: Ծաղիկը փուշ ուներ, և մի անգամ նա Փոքրիկ իշխանին ասաց.

– Թող նույնիսկ վագրեր գան, ես նրանց ճանկերից չեմ վախենում:

– Իմ մոլորակի վրա վագրեր չկան, – առարկեց Փոքրիկ իշխանը: – Բացի այդ, վագրը խոտ չի ուտում:

– Ես խոտ չեմ, – վիրավորվեց ծաղիկը:

– Ներեցեք ինձ…

– Չէ՛, վագրը ինձ համար սարսափելի չէ, բայց ես շատ եմ վախենում միջանցիկ քամուց: Դուք շիրմա չունե՞ք…«Բույս է և դեռ միջանցիկ քամուց վախենում է… շատ զարմանալի է…, – մտածեց Փոքրիկ իշխանը: – Ի՜նչ ծանր բնավորություն ունի այս ծաղիկը»:

– Իրիկնամուտին խնդրում եմ ինձ ծածկեք: Շատ ցուրտ է ձեզ մոտ: Ձեր մոլորակը բոլորովին հարմարավետ չէ: Ա՛յ, որտեղից ես եկել եմ…

Նա խոսքը չավարտեց:

Չէ՞ որ նա այստեղ էր ընկել, երբ ընդամենը սերմի հատիկ էր և ուրիշ մոլորակների մասին ոչինչ չէր կարող գիտենալ: Հիմարություն է սուտ ասելը, մանավանդ որ հեշտությամբ կարող ես բռնվել: Գեղեցկուհին շփոթվեց, հետո մեկ-երկու անգամ հազաց, որպեսզի Փոքրիկ իշխանն զգար, որ շատ մեղավոր է նրա առաջ:

– Ի՞նչ եղավ շիրման…

– Ես ուզում էի գնալ շիրման բերելու, բայց հո չէի՞ կարող մինչև վերջ ձեզ չլսել:

Ծաղիկն ավելի ուժեղ սկսեց հազալ. թող, այնուամենայնիվ, տղայի խիղճը տանջի:

Թեև Փոքրիկ իշխանը սիրեց սքանչելի ծաղիկը և շատ ուրախ էր նրան ծառայելու համար, բայց շուտով նրա սիրտը կասկած ընկավ: Դատարկ խոսքերին սկսեց նշանակություն տալ և իրեն շատ դժբախտ զգալ:

– Ես իզուր էի նրան լսում, – մի անգամ սիրտը բացեց նա: – Երբեք չպետք է լսել, թե ինչ են ասում ծաղիկները: Հարկավոր է ուղղակի նայել նրանց ու շնչել նրանց բույրը: Իմ ծաղիկն իր բուրմունքով լցրել է ամբողջ մոլորակը, իսկ ես չէի կարողանում դրա համար ուրախանալ: Վագրերի ու մագիլների մասին նրա խոսակցությունները… դրանք պետք է ինձ վրա ազդեին, ինձ հուզեին, իսկ ես ջղայնանում էի… Եվ հետո նա խոստովանեց.

– Ես այն ժամանակ ոչինչ չէի հասկանում: Հարկավոր էր ոչ թե խոսքերով, այլ գործերով դատել: Նա ինձ էր նվիրում իր բուրմունքը, լուսավորում էր իմ կյանքը: Ես չպետք է փախչեի: Նրա խղճուկ խորամանկությունների տակ ես պետք է քնքշություն տեսնեի: Այնքան անհետևողական են ծաղիկները… Բայց ես շատ ջահել էի այն ժամանակ և դեռ սիրել չգիտեի:

IX

Որքան ես հասկացա, նա որոշել էր ճանապարհորդել չվող թռչունների հետ: Վերջին առավոտը նա սովորականից ավելի եռանդով սկսեց մաքրել ու հավաքել իր մոլորակը: Խնամքով մաքրեց գործող հրաբուխները: Նա երկու գործող հրաբուխ ուներ: Առավոտները շատ հարմար է նրանց վրա նախաճաշ տաքացնել: Բացի այդ, կար նաև մի հանգած հրաբուխ: Բայց նա մտածեց, որ ինչ ասես կարող է պատահել, դրա համար էլ մաքրեց նաև հանգած հրաբուխը: Երբ հրաբուխները լավ ես մաքրում, նրանք հանգիստ ու անաղմուկ են վառվում, առանց ժայթքումների: Հրաբուխի ժայթքումը նույնն է, ինչ որ վառարանի խողովակի հրդեհը, երբ կպչում է նրա միջի մուրը: Ինչ խոսք, մենք՝ երկրի վրայի մարդիկս, շատ փոքրիկ ենք և չենք կարող մաքրել մեր հրաբուխները: Ահա թե ինչու են նրանք այդքան տհաճություն պատճառում մեզ:

Փոքրիկ իշխանը տխրությամբ պոկեց նաև բաոբաբի վերջին ծիլերը: Նա կարծում էր, թե երբեք այլևս չի վերադառնա, բայց այդ առավոտյան սովորական աշխատանքը նրան չտեսնած հաճույք էր պատճառում: Իսկ երբ վերջին անգամ ջրեց սքանչելի ծաղիկն ու պատրաստվում էր ապակիով ծածկել այն, նա նույնիսկ ուզեց լաց լինել:

– Մնաք բարով, – ասաց:

Գեղեցկուհին չպատասպանեց:

– Մնաք բարով, – կրկնեց Փոքրիկ իշխանը:

Ծաղիկը հազաց, բայց դա մրսելուց չէր:

– Ես հիմար էի, – ասաց նա վերջապես:

– Ներիր ինձ: Եվ աշխատիր երջանիկ լինել:

Եվ ոչ մի հանդիմանություն: Փոքրիկ իշխանը շատ էր զարմացել: Նա, ապակին ձեռքին, սառել, մնացել էր կանգնած: Որտեղի՞ց էր այդ մեղմ քնքշությունը:

– Այո՛, այո՛, ես սիրում եմ քեզ, – լսեց նա: – Ես մեղավոր եմ, որ դու չգիտեիր այդ: Բայդ դա կարևոր էլ չէ: Ասենք, դու էլ էիր ինձ նման հիմար: Աշխատիր երջանիկ լինել… թող այդ ապակին, այն ինձ այլևս պետք չէ:

– Բայց քամին…

– Ես այնքան էլ մրսած չեմ… գիշերային զովը ինձ նույնիսկ օգուտ կտա… չէ՞ որ ես ծաղիկ եմ…

– Բայց գազանները, միջատները…

– Դե պետք է մի երկու թրթուր հանդուրժեմ, եթե ուզում եմ թիթեռների հետ ծանոթանալ…

Նրանք պետք է որ շատ լավիկը լինեն:

Թե չէ, ո՞վ պիտի ինձ այցելի: Չէ՞ որ դու հեռվում կլինես: Իսկ մեծ գազաններից ես չեմ վախենում: Ես մագիլներ ունեմ:

Եվ նա պարզամտորեն ցույց տվեց իր չորս փշերը: Հետո ավելացրեց.

– Էլ մի ձգձգիր… դա անտանելի է… Եթե որոշել ես գնալ՝ գնա:

Նա չէր ուզում, որ Փոքրիկ իշխանը տեսնի, թե ինչպես է ինքը լալիս: Դա մի շատ հպարտ ծաղիկ էր:

X

Փոքրիկ իշխանի մոլորակին ամենից շատ մոտիկ էին № 325, 326, 327, 329 և 330 փոքրիկ մոլորակները: Դրա համար էլ նա որոշեց նախ և առաջ այցելել դրանց: Չէ՞ որ պետք էր մի որևէ զբաղմունք գտնել և, բացի այդ, որոշ բաներ էլ սովորել:

Առաջին մոլորակի վրա մի թագավոր էր ապրում: Ծիրանիով և կնգունի մորթիով պճնված՝ նա բազմել էր շատ հասարակ, բայց, այնուամենայնիվ, փառահեղ իր գահին:

– Ահա և հպատակը, – բացականչեց թագավորը՝ տեսնելով Փոքրիկ իշխանին:

«Այդ ինչպե՞ս ճանաչեց, – անցավ Փոքրիկ իշխանի մտքով, – չէ՞ որ նա ինձ առաջին անգամ է տեսնում»:

Նա չգիտեր, որ թագավորները աշխարհին շատ հասարակ հայացքով են նայում: Նրանց համար բոլոր մարդիկ հպատակներ են:

– Արի մոտիկ, ուզում եմ քեզ լավ տեսնել, – ասաց թագավորը սարսափելի հպարտ, որ կա մեկը, որի համար նա կարող է թագավոր լինել:

Փոքրիկ իշխանը շուրջը նայեց մի որևէ տեղ գտնելու հույսով, բայց թագավորի կնգումե հոյակապ պատմուճանը ծածկել էր ամբողջ մոլորակը:

Եվ նա նման կանգնած ու քանի որ շատ էր հոգնած, հորանջեց.

– Վարվելակարգը թույլ չի տալիս միապետի ներկայությամբ հորանջել, – ասաց թագավորը: – Ես քեզ արգելում եմ հորանջել:

– Ես չկարողացա ինձ զսպել, – շփոթված ասաց Փոքրիկ իշխանը: – Ես երկար ճանապարհ եմ անցել և բոլորովին չեմ քնել…

– Որ այդպես է, ես քեզ հրամայում եմ հորանջել. – ասաց թագավորը: – Ես շատ վաղուց է, որ չեմ տեսել, թե ինչպես ես հորանջում: Ինձ համար դա նույնիսկ հետաքրքիր է: Այսպես ուրեմն, հորանջի՛ր: Այդպես է իմ կամքը:

– Բայց… ես քաշվում եմ… ես այլևս չեմ կարող… – շշնջաց Փոքրիկ իշխանն ու ամբողջովին կարմրեց:

– Հըմ, հըմ… Այդ դեպքում… այդ դեպքում ես կարգադրում եմ մերթ հորանջել, մերթ…

Թագավորը շփոթվեց և նույնիսկ, կարծես թե, ջղայնացավ:

Չէ՞ որ թագավորի համար ամենակարևորն այն է, որ առանց խոսքի ենթարկվեն իրեն: Անհնազանդություն նա չէր հանդուրժի: Դա մի բացարձակ միապետ էր: Բայց նա շատ բարի էր, դրա համար էլ միայն խելացի հրամաններ էր տալիս:

«Եթե ես իմ գեներալին հրամայեմ ճայ դառնալ, – ասում էր թագավորը, – ու եթե գեներալը հրամանը չկատարի, դա ոչ թե նրա, այլ իմ հանցանքն է»:

– Կարելի՞ է նստել, – անհամարձակ ասաց Փոքրիկ իշխանը:

– Հրամայում եմ, նստի՛ր, – պատասխանեց թագավորը և վեհապանծ շարժումով վեր քաշեց իր կնգումե պատմուճանի մի քղանցքը:

Բայց Փոքրիկ իշխանը մի բան չէր կարողանում հասկանալ: Այսքան փոքր մոլորակի վրա ի՞նչ է կառավարում թագավորը:

– Ձերդ մեծություն, – սկսեց նա, – կարո՞ղ եմ մի հարց տալ…

– Հրամայում եմ, հարցրո՛ւ, – շտապ ասաց թագավորը:

– Ձերդ մեծություն… դուք ի՞նչ եք կառավարում…

– Ամեն ինչ, – ուղղակի պատասխանեց թագավորը:

– Ամեն ի՞նչ…

Թագավորը, համեստորեն ձեռքը շարժելով, ցույց տվեց իր մոլորակը, ինչպես նաև մյուս մոլորակներն ու աստղերը:

– Եվ այս բոլորը դո՞ւք եք կառավարում, – հարցրեց Փոքրիկ իշխանը:

– Այո, – պատասխանեց թագավորը:

Նա այդպես ասաց, որովհետև իրոք լիիրավ միապետ էր և ոչ մի սահման ու սահմանափակում չէր ճանաչում:

– Եվ աստղերը ձեզ ենթարկվո՞ւմ են, – հարցրեց Փոքրիկ իշխանը:

– Դե իհարկե, – պատասխանեց թագավորը: – Աստղերն անմիջապես ենթարկվում են. ես անհնազանդություն չեմ հանդուրժում:

Փոքրիկ իշխանը հիացած էր: Ա՛յ, եթե ինքը նման հզորություն ունենար:

Այն ժամանակ ոչ թե քառասունչորս, այլ յոթանասուներկու, նույնիսկ հարյուր անգամ կդիտեր վերջալույսը և այն էլ առանց աթոռը տեղից շարժելու:

Այստեղ նա նորից հիշեց իր լքված մոլորակը, տխրեց և սիրտ անելով՝ թագավորին խնդրեց.

– Ես կուզենայի վերջալույս տեսնել… խնդրում եմ, բարի լինեք հրամայել արևին, որ մայր մտնի…

– Եթե ես մի որևէ գեներալի հրամայեմ, որ թիթեռի նման ծաղկից ծաղիկ թռչի կամ ողբերգություն գրի, կամ էլ ճայ դառնա, իսկ գեներալը հրամանը չկատարի, ո՞վ կլինի մեղավորը՝ նա՞, թե՞ ես:

– Դուք, ձերդ մեծություն, – առանց տատանվելու պատասխանեց Փոքրիկ իշխանը:

– Միանգամայն ճիշտ է, – հաստատեց թագավորը: – Ամեն մեկից պետք է խնդրել այն, ինչ նա կարող է տալ: Իշխանությունը նախ և առաջ պետք է խելացի լինի: Եթե դու քո ժողովրդին հրամայես ծովը նետվել, նա հեղափոխություն կանի: Ես իրավունք ունեմ հնազանդություն պահանջելու, որովհետև իմ հրամանները խելացի են:

– Իսկ վերջալո՞ւյսը… – հիշեցրեց Փոքրիկ իշխանը: Մի բան որ նա հարցներ, այլևս չէր հանգստանա, մինչև պատասխանը չստանար:

– Վերջալույս էլ կլինի, մի՛ վախենա: Ես կպահանջեմ, որ արևը մայր մտնի: Բայց նախ կսպասեմ, որ դրա համար բարենպաստ պայմաններ լինեն, քանի որ դրանից է երևում, թե որքանով է իշխողը իմաստուն:

– Իսկ ե՞րբ բարենպաստ պայմաններ կլինեն, – ուզեց տեղեկանալ Փոքրիկ իշխանը:

– Հը՜մ… հը՜մ… – հաստափոր օրացույցը թերթելով՝ պատասխանեց արքան: – Դա կլինի… հըմ… հըմ… այսօր, դա կլինի ժամը յոթն անց քառասուն րոպեին: Այդ ժամանակ դու կտեսնես, թե որքան ճշգրիտ են կատարում իմ հրամանները:

Փոքրիկ իշխանը հորանջեց: Ափսոս, որ այստեղ վերջալույսը չեն կարող տեսնել երբ որ ցանկանաս: Եվ, ճիշտն ասած, նա արդեն սկսեց մի քիչ ձանձրանալ:

– Իմ գնալու ժամանակն է, – ասաց նա թագավորին: – Այլևս անելիք չունեմ ես այստեղ:

– Մնա, – ասաց թագավորը. նա շատ հպարտ էր, որ հպատակ է ձեռք գցել և չէր ուզում նրանից բաժանվել: – Մնա, ես քեզ նախարար կնշանակեմ:

– Ինչի՞ նախարար:

– Ասենք… արդարադատության:

– Չէ՞ որ այստեղ մարդ չկա, որ դատեմ:

– Ո՞վ գիտե, – առարկեց թագավորը: – Ես դեռ իմ ամբողջ թագավորությունը լավ չեմ ստուգել: Ես շատ ծեր եմ, տեղս էլ փոքր է կառք պահելու համար, իսկ ոտքով քայլելը շատ է հոգնեցուցիչ:

Փոքրիկ իշխանը կռացավ և նայեց մոլորակի մյուս կողմը:

– Բայց ես արդեն նայեցի, – բացականչեց նա, – այնտեղ նույնպես ոչ ոք չկա:

– Այդ դեպքում ինքդ քեզ դատիր, – ասաց թագավորը: – Դա ամենադժվար բանն է: Իրեն դատելը ուրիշներին դատելուց դժվար է: Եթե դու կարողանաս ինքդ քեզ ճիշտ դատել, նշանակում է, հիրավի, իմաստուն ես:

– Ես ինձ որտեղ ասես կարող եմ դատել: Դրա համար չարժե, որ ապրեմ այստեղ, – ասաց Փոքրիկ իշխանը:

– Հը՜մ… հը՜մ… – ասաց թագավորը: – Ինձ թվում է, թե իմ մոլորակի վրա ինչ-որ մի տեղ պառավ առնետ է ապրում: Գիշերները ես լսում եմ, թե նա ինչպես է ճանկռոտում: Դու կարող էիր այդ պառավ առնետին դատել: Մեկ – մեկ դու նրան մահվան դատապարտիր: Նրա կյանքը քեզանից կլինի կախված: Իսկ հետո պետք է նրան ամեն անգամ ներում շնորհել: Պետք է խնայել պառավ առնետին, չէ՞ որ նա միակն է մեզ մոտ:

– Ես չեմ սիրում մահվան դատավճիռ արձակել, – ասաց Փոքրիկ իշխանը: – Եվ ընդհանրապես… իմ գնալու ժամանակն է:

– Չէ՛, ժամանակը չէ, – առարկեց արքան:

Փոքրիկ իշխանն արդեն ճամփա էր ընկնում, բայց չէր ուզում ծեր միապետին վշտացնել:

Եթե ձերդ մեծությունն ուզում է, որ իր հրամանները կատարվեն, – ասաց նա, – պետք է ողջամիտ հրամաններ տա: Օրինակ՝ դուք կարող եք ինձ հրամայել անհապաղ ճանապարհ ընկնել: Ինձ թվում է՝ դրա համար հիմա շատ բարենպաստ պայմաններ կան…

Թագավորը չէր պատասխանում, և Փոքրիկ իշխանը անվճռականորեն մի քիչ էլ կանգ առավ, հետո հառաչեց ու ճանապարհ ընկավ:

– Քեզ դեսպան եմ նշանակում, – նրա հետևից շտապ ձայն տվեց թագավորը:

Եվ նրա տեսքն այդ րոպեին այնպիսին էր, կարծես նա ոչ մի առարկություն հանդուրժել չէր կարող:

«Տարօրինակ մարդիկ են այս մեծահասակները», – ինքն իրեն ասաց Փոքրիկ իշխանը՝ ճանապարհը շարունակելով:

Leave a comment