Այսօր մեզ մոտ ընթերցյանության օր էր. Ես շարունակում եմ կարդալ <<Փոքրիկ Իշխան>>-ը, ես արդեն հասել եմ XI-XIII-րդ մասը 57-69-րդ էջը.
Ահա թե ինչքան եմ ես կարդացել.
XI
Երկրորդ մոլորակի վրա ապրում էր փառասերը:
– Օ՜, ահա և երկրպագու հայտնվեց, – հեռվից Փոքրիկ իշխանին նկատելով՝ բացականչեց նա:
Չէ՞ որ սնապարծ մարդկանց միշտ թվում է, թե բոլորը հիացած են իրենցով:
– Բարի օր, ասաց Փոքրիկ իշխանը: – Ինչ հետաքրքիր գլխարկ ունեք:
– Սա նրա համար է, որ տամ, – բացատրեց փառասերը, – տամ, երբ ինձ ողջունելու լինեն: Դժբախտաբար այստեղ ոչ ոք չի գալիս:
– Ահա թե ի՜նչ, – շշնջաց Փոքրիկ իշխանը: Բայց նա ոչինչ չհասկացավ:
– Հապա մի ծափ տուր, – ասաց փառասերը: Փոքրիկ իշխանը ծափ տվեց: Փառասերը գլխարկը հանեց և սկսեց համեստորեն տալ:
«Այստեղ ավելի ուրախ է, քան ծեր թագավորի մոտ», – մտածեց Փոքրիկ իշխանը: Եվ նորից սկսեց ծափ տալ, իսկ փառասերը, նորից գլխարկը հանելով, խոնարհվեց:
Այսպես մի հինգ րոպե նույն բանը կրկնվեց, և Փոքրիկ իշխանը ձանձրացավ:
– Իսկ ի՞նչ է պետք անել, որ գլխարկը ընկնի, – հարցրեց նա:
Բայց փառասերը չլսեց: Սնապարծ մարդիկ, բացի գովեստից, մնացած ամեն ինչի նկատմամբ խուլ են:
– Դու իսկապե՞ս իմ խանդավառ երկրպագուն ես, – Փոքրիկ իշխանին հարցրեց նա:
– Իսկ այդ ինչպե՞ս են երկրպագում:
– Երկրպագել, այդ նշանակում է ընդունել, որ այս մոլորակի վրա ես ամենագեղեցիկն եմ, ամենից շքեղը, հարուստը և ամենից խելոքը:
– Բայց չէ՞ որ քո մոլորակի վրա ուրիշ մարդ չկա:
– Դե ոչինչ, ինձ հաճույք պատճառելու համար միևնույն է, հիացիր ինձանով:
– Ես հիանում եմ, – ուսերը թոթվելով՝ ասաց Փոքրիկ իշխանը, – բայց մի՞թե դա քեզ ուրախություն է պատճառում:
Եվ նա փառասերի մոտից փախավ:
«Իսկապես որ մեծահասակները շատ տարօրինակ մարդիկ են», – պարզամտորեն մտածեց նա ու ճանապարհ ընկավ:
XII
Հետևյալ մոլորակի վրա հարբեցողն էր ապրում:
Փոքրիկ իշխանը նրա մոտ շատ քիչ մնաց, բայց անչափ տխրեց: Երբ նա հայտնվեց այդ մոլորակի վրա, հարբեցողը լուռ նստել ու նայում էր առջևում շարված դատարկ ու լիքը շշերի բանակին:
– Այդ ի՞նչ ես անում, – հարցրեց Փոքրիկ իշխանը:
– Խմում եմ, – մռայլ պատասխանեց հարբեցողը:
– Ինչո՞ւ:
– Որպեսզի մոռանամ:
– Ի՞նչը մոռանաս, – հարցրեց Փոքրիկ իշխանը:
Նա սկսել էր խղճալ հարբեցողին:
– Ուզում եմ մոռանալ, որ ամոթ է, – խոստովանեց հարբեցողը ու գլուխը խոնարհեց:
– Իսկ ինչո՞ւ է ամոթ, – հարցրեց Փոքրիկ իշխանը:
– Ամոթ է, որ խմում եմ, – բացատրեց հարբեցողն, ու այլևս նրանից հնարավոր չէր ոչ մի խոսք կորզել:
Եվ Փոքրիկ իշխանը շիվար ու տարակուսանքով լի շարունակեց իր ճամփան:
«Այո՛, անկասկած, մեծահասակները շա՜տ, շա՜տ տարօրինակ մարդիկ են», – մտածեց նա:
XIII
Չորրորդ մոլորակը պատկանում էր մի գործարար մարդու: Նա այնքան զբաղված էր, որ երբ Փոքրիկ իշխանը հայտնվեց, գլուխն անգամ չբարձրացրեց:
– Բարի օր, – ասաց Փոքրիկ իշխանը, – ձեր ծխախոտը հանգել է:
– Երեքին գումարած երկու՝ հինգ: Հինգին գումարած յոթ՝ տասներկու: Բարի օր: Տասնհինգ, յոթ էլ՝ քսաներկու: Քսաներկու, վեց էլ, հավասար է քսանութի: Ժամանակ չունեմ լուցկի վառելու: Քսանվեցին գումարած հինգ հավասար է երեսունմեկի: Ո՜ւֆ… այսպիսով, ընդամենը հինգ հարյուր միլիոն վեց հարյուր քսաներկու հազար յոթ հարյուր երեսունմեկ:
– Հինգ հարյուր միլիոն ի՞նչ…
– Ի՞նչ… Դու այստե՞ղ ես: Հինգ հարյուր միլիոն… արդեն չեմ հիշում, թե ինչ… Ես այնքան գործ ունեմ… ես լուրջ մարդ եմ, շաղարատելու ժամանակ չունեմ… երկուս, հինգ էլ՝ յոթ…
– Հինգ հարյուր միլիոն ի՞նչ… – կրկնեց Փոքրիկ իշխանը: Մի բան որ հարցներ, նա այլևս չէր հանգստանա, մինչև պատասխանը չստանար: Գործարար մարդը գլուխը բարձրացրեց.
– Արդեն հիսունչորս տարի է, ինչ ես ապրում եմ այս մոլորակի վրա, և այդ ընթացքում ինձ միայն երեք անգամ են խանգարել: Առաջին անգամ՝ քսաներկու տարի սրանից առաջ, չգիտես որտեղից հայտնվեց մի մայիսյան բզեզ: Նա սարսափելի աղմուկ բարձրացրեց, և ես գումարման ժամանակ չորս սխալ արեցի: Երկրորդ անգամ՝ տասնմեկ տարի առաջ, ռևմատիզմի նոպա ունեցա՝ նստակյաց կյանքից: Ես ման գալու ժամանակ չունեմ: Ես լուրջ մարդ եմ: Երրորդ անգամ… ահա սա… Այսպես, ուրեմն, հինգ հարյուր միլիոն…
– Միլիոն ի՞նչ…
Գործարար մարդը գլխի ընկավ, որ պետք է պատասխանի, թե չէ հանգիստ չի ունենա:
– Հինգ հարյուր միլիոն էն բաներից… որ օդում մեկ-մեկ երևում են…
– Դրանք ի՞նչ են, ճանճե՞ր…
– Դե չէ… փոքրիկ, փայլուն բաներ են…
– Մեղունե՞ր…
– Չէ՛, չէ՛… Այսպիսի փոքրիկ բաներ են… ոսկեգույն, ամեն մի ծույլ մարդ հենց նայում է դրանց, սկսում է երազել: Ես լուրջ մարդ եմ, ես երազելու ժամանակ չունեմ:
– Աա՜, աստղեր:
– Ա՛յ, ա՛յ, աստղեր:
– Հինգ հարյուր միլիոն ա՞ստղ… իսկ ի՞նչ ես անում այդ աստղերը…
– Հինգ հարյուր մեկ միլիոն վեց հարյուր քսաներկու հազար յոթ հարյուր երեսունմեկ: Ես լուրջ մարդ եմ, ես սիրում եմ, որ ամեն ինչ ճշգրիտ լինի:
– Ի՞նչ ես անում դու այդ բոլոր աստղերը:
– Ինչ եմ անո՞ւմ…
– Այո՛:
– Ոչինչ էլ չեմ անում: Ես տիրում եմ դրանց:
– Տիրում ես աստղերի՞ն:
– Այո՛:
– Բայց ես արդեն մի թագավոր եմ տեսել, որը…
– Թագավորները ոչնչի չեն տիրում… նրանք միայն կառավարում են… դա բոլորովին այլ բան է:
– Իսկ ինչի՞ համար ես տիրում աստղերին:
– Որպեսզի հարուստ լինեմ:
– Իսկ ինչո՞ւ ես ուզում հարուստ լինել:
– Որպեսզի էլի նոր աստղեր առնեմ, եթե որևէ մեկը նոր աստղեր հայտնաբերի:
«Սա իսկ և իսկ այն հարբեցողի նման է դատում», – մտածեց Փոքրիկ իշխանը:
Եվ շարունակեց հարցնել.
– Իսկ աստղերին ինչպե՞ս են տիրում:
– Աստղերն ո՞ւմն են, – տհաճությամբ հարցրեց գործարարը:
– Չգիտեմ: Ոչ մեկինն էլ չեն:
– Ուրեմն իմն են, որովհետև ես առաջինն եմ այդ բանը մտածել:
– Եվ դա բավական է:
– Դե իհարկե: Եթե դու ալմաստ ես գտնում, որը տեր չունի, ուրեմն քոնն է: Եթե դու մի կղզի ես գտնում, որը տեր չունի, ուրեմն քոնն է: Եթե առաջին անգամ քո գլխում մի միտք է ծագում, դու նրա համար պատենտ ես վերցնում, և այն քոնն է: Ես աստղերին տիրում եմ, որովհետև ինձանից առաջ ոչ ոք գլխի չի ընկել, որ կարելի է նրանց տիրել:
– Ա՛յ դա ճիշտ է, – ասաց Փոքրիկ իշխանը: – Եվ ի՞նչ պիտի անես դու այդ աստղերը:
– Ինչ ուզենամ՝ կանեմ, – պատասպանեց գործարարը, – հաշվում եմ ու էլի կհաշվեմ: Դա շատ դժվար բան է: Բայց ես լուրջ մարդ եմ:
Սակայն Փոքրիկ իշխանի համար դա շատ քիչ էր:
– Եթե ես մետաքսե թաշկինակ ունենամ, կարող եմ կապել վզիս ու հետս տանել, – ասաց նա: – Եթե ես մի ծաղիկ ունենամ, կարող եմ պոկել ու հետս տանել: Բայց չէ՞ որ դու չես կարող աստղերը տանել:
– Չեմ կարող, բայց ես դրանք կարող եմ բանկ դնել:
– Այդ ինչպե՞ս:
– Շատ պարզ, թղթի վրա գրում եմ, թե որքան աստղ ունեմ: Հետո այդ թուղթը դնում եմ արկղի մեջ ու բանալիով փակում:
– Այդքա՞նը:
– Դա բավական է:
«Հետաքրքիր է, – մտածեղ Փոքրիկ իշխանը: – Եվ նույնիսկ բանաստեղծական է: Բայց այնքան էլ լուրջ բան չէ»:
Թե ինչն է լուրջ բան, ինչը՝ ոչ, Փոքրիկ իշխանը յուրովի էր հասկանում, ոչ այնպես, ինչպես մեծահասակները:
– Ես մի ծաղիկ ունեմ, – ասաց նա, և ես ամեն առավոտ ջրում եմ այն: Ես երեք հրաբուխ ունեմ, ամեն շաբաթ մաքրում եմ դրանք: Բոլորն էլ մաքրում եմ, հանգածը նույնպես: Դե, ինչ ասես կարող է պատահել: Եվ իմ հրաբուխների ու իմ ծաղկի
համար օգտակար է, որ ես տիրում եմ նրանց: Իսկ աստղերը քեզանից ոչ մի օգուտ չեն ստանում…
Գործարար մարդը բերանը բաց արեց, բայց այդպես էլ չիմացավ, թե ինչ պատասխանի, և Փոքրիկ իշխանը շարունակեց իր ճամփան:
«Այո, մեծահասակներն իրոք զարմանալի մարդիկ են», – ճանապարհը շարունակելով՝ պարզամտորեն ասում էր նա ինքն իրեն:
Շատ հետաքրքիր եր առաջարկում եմ դուք էլ կարդաք.