Այսօր մեզ մոտ ընթերցյանության օր էր. Ես շարունակում եմ կարդալ <<Փոքրիկ Իշխան>>-ը, ես արդեն հասել եմ XIV-XVI-րդ մասը 68-79-րդ էջը.
Ահա թե ինչքան եմ ես կարդացել.
XIV
Հինգերորդ մոլորակը բոլորից փոքր էր ու զվարճալի: Նրա վրա միայն մի լապտեր ու մի լապտերավառ էր տեղավորվում: Փոքրիկ իշխանը ոչ մի կերպ չէր հասկանում, թե երկնքում մոլորված այդ տուն ու բնակիչ չունեցող մոլորակիկի ինչին են պետք լապտերն ու լապտերավառը: Բայց նա մտածեց.
– «Գուցե այս մարդն էլ տարօրինակ է, բայց ավելի տարօրինակ չէ, քան թագավորը, փառասերը, գործարարն ու հարբեցողը: Նրա աշխատանքի մեջ այնուամենայնիվ իմաստ կա: Երբ նա վառում է լապտերը, կարծես թե մի նոր աստղ կամ ծաղիկ է ծնվում: Իսկ երբ հանգցնում է լապտերը, թվում է, թե ծաղիկը կամ աստղը քուն են մտնում: Սքանչելի զբաղմունք է: Սա իսկապես օգտակար է, որովհետև գեղեցիկ է»:
Եվ երբ հավասարվեց այդ մոլորակին, նա հարգանքով տվեց լապտերավառին:
– Բարի օր, – ասաց նա: – Ինչո՞ւ դու հիմա հանգցրիր քո լապտերը:
– Պայմանն այդպես է, – պատասխանեց լապտերավառը: – Բարի օր:
– Այդ ի՞նչ պայման է:
– Լապտերն հանգցնելու պայմանը: Բարի երեկո:
Եվ նա նորից լապտերը վառեց:
– Իսկ ինչո՞ւ դու նորից վառեցիր այն:
– Պայմանն այդպես է, – կրկնեց լապտերավառը:
– Չեմ հասկանում, – խոստովանեց Փոքրիկ իշխանը:
– Հասկանալու բան չկա, – ասաց լապտերավառը: – Պայմանը պայման է:
Բարի օր:
Եվ լապտերը հանգցրեց:
Հետո կարմիր վանդակավոր թաշկինակով ճակատի քրտինքը սրբեց ու ասաց.
– Ծանր է իմ արհեստը: Մի ժամանակ իմաստ ուներ այն: Առավոտները ես հանգցնում էի, իսկ երեկոները՝ վառում: Ես մի ամբողջ օր ունենում էի հանգստանալու և մի ամբողջ գիշեր՝ քունս առնելու համար…
– Իսկ հետո պայմանը փոխվե՞ց…
– Պայմանը չի փոխվել, – ասաց լապտերավառը: – Դժբախտությունն էլ հենց այդ է: Իմ մոլորակը տարին տարու վրա ավելի արագ է պտտվում, իսկ պայմանը մնում է նույնը:
– Իսկ ինչպե՞ս պիտի անենք, – հարցրեց Փոքրիկ իշխանը:
– Այսպես էլ պիտի անեմ: Մի րոպեում մոլորակը լրիվ պտույտ է անում, և ես շունչ քաշելու համար ոչ մի վայրկյան չունեմ: Ամեն րոպե ես լապտերը հանգցնում եմ ու հետո նորից վառում:
– Այ քեզ հետաքրքիր բան… Ուրեմն քեզ մոտ օրը տևում է միայն մի րոպե՞…
– Ոչ մի հետաքրքիր բան չկա այստեղ, – առարկեց լապտերավառը:
– Արդեն մի ամբողջ ամիս է, ինչ ես ու դու խոսում ենք:
– Մի ամբողջ ամի՛ս:
– Իհարկե: Երեսուն րոպե: Երեսուն օր: Բարի երեկո:
Եվ նա նարից լապտերը վառեց:
Փոքրիկ իշխանը նայում էր լապտերավառին, որն այդքան հավատարիմ էր իր տված խոսքին: Եվ նա ավելի էր դուր գալիս Փոքրիկ իշխանին:
Փոքրիկ իշխանը հիշեց, թե ինչպես էր մի ժամանակ աթոռը տեղից տեղ շարժում վերջալույսը դիտելու համար: Եվ նա ուզեց օգնել բարեկամին:
– Լսի՛ր, – ասաց նա լապտերավառին: – Ես մի միջոց գիտեմ, դու կարող ես հանգստանալ որքան ուզես…
– Ես անընդհատ ուզում եմ հանգստանալ, – ասաց լապտերավառը:
– Չէ՞ որ կարելի է հավատարիմ մնալ տված խոսքին և միաժամանակ ծույլ լինել:
– Քո մոլորակն այնքան փոքր է, որ դու երեք քայլով կարող ես պտտվել նրա շուրջը, – շարունակեց իշխանը: – Եվ դու պարզապես պետք է շարժվես այնպիսի արագությամբ, որ միշտ մնաս արևի տակ: Երբ դու ուզենաս հանգստանալ, պարզապես պետք է գնաս ու գնաս…, և օրը կերկարի այնքան, որքան դու ուզում ես:
– Բայց դրանից ես օգուտ չեմ ստանա, – ասաց լապտերավառը: – Աշխարհում ես ամենից շատ սիրում եմ քնել:
– Որ այդպես է, վատ են քո գործերը, – ցավակցեց Փոքրիկ իշխանը:
– Վատ են գործերս, – հաստատեց լապտերավառը: – Բարի օր:
Եվ լապտերը հանգցրեց:
«Ահա մի մարդ, – ճանապարհը շարունակելով՝ ինքն իրեն ասաց Փոքրիկ իշխանը, – ահա մի մարդ, որին բոլորը՝ և՛ թագավորը, և՛ հարբեցողը, և՛ գործարարը, և՛ սնապարծը, կատեին: Իսկ իմ կարծիքով այդ բոլորից միայն նա է, որ ծիծաղելի չէ: Գուցե այն պատճառով, որ միայն իր մասին չի մտածում:
Փոքրիկ իշխանը հառաչեց:
«Ահա թե ում հետ ես կարող էի բարեկամանալ, – մտածեց նա, – բայց լապտերավառի մոլորակը շատ փոքրիկ է: Երկու հոգու տեղ չի անի»:
Նա չէր ուզում խոստովանել, որ այդ հիանալի մոլորակի համար ափսոսում է մի ուրիշ պատճառով ևս. Քսանչորս ժամում նա կարող էր վերջալույսը դիտել հազար չորս հարյուր քառասուն անգամ:
XV
Վեցերորդ մոլորակը նախորդից տասն անգամ մեծ էր: Նրա վրա մի ծերունի էր ապրում, որը հաստափոր գրքեր էր գրում:
– Նայեցե՛ք… ահա և ճանապարհորդը, – Փոքրիկ իշխանին նկատելով՝ բացականչեց ծերունին:
Փոքրիկ իշխանը նստեց սեղանի վրա, որպեսզի շունչ քաշի:
Նա արդեն բավական շատ էր թափառել:
– Որտեղի՞ց ես գալիս, – հարցրեց ծերունին:
– Այդ ի՞նչ գիրք է այդքան մեծ, – հարցրեց Փոքրիկ իշխանը: – Ի՞նչ եք անում այստեղ:
– Ես աշխարհագրագետ եմ, – պատասխանեց ծերունին:
– Ի՞նչ բան է աշխարհագրագետը:
– Դա մի գիտնական է, որը գիտի, թե որտեղ են գտնվում ծովերը, քաղաքները, լեռներն ու անապատները:
– Ի՜նչ հետաքրքիր է, – ասաց Փոքրիկ իշխանը: – Ա՛յ, դա իսկական գործ է:
Եվ նա մի հայացք գցեց աշխարհագրագետի մոլորակի վրա: Փոքրիկ իշխանը երբեք այդքան փառահեղ մոլորակ չէր տեսել:
– Ձեր մոլորակը շատ գեղեցիկ է, – ասաց նա: – Իսկ օվկիանոս դուք ունե՞ք…
– Դա ես չգիտեմ, – ասաց աշխարհագրագետը:
– Օհո՜,– ասաց Փոքրիկ իշխանը հիասթափված: – Իսկ լեռներ կա՞ն…
– Չգիտեմ, – կրկնեց աշխարհագրագետը:
– Իսկ քաղաքնե՞ր, գետե՞ր, անտառնե՞ր…
– Դա էլ չգիտեմ:
– Բայց չէ՞ որ դուք աշխարհագրագետ եք:
– Հենց բանն էլ այդ է, – ասաց ծերուկը: – ես աշխարհագրագետ եմ և ոչ թե ճանապարհորդ: Ես ճանապարհորդների խիստ կարիք եմ զգում: Չէ՞ որ աշխարհագրագետները չեն, որ պահում են քաղաքների, գետերի, լեռների, ծովերի, օվկիանոսների և անապատների հաշիվը: Աշխարհագրագետը շատ կարևոր դեմք է, նա թափառելու ժամանակ չունի: Նա իր առանձնասենյակից դուրս չի գալիս, բայց ընդունում է ճանապարհորդներին և նրանց պատմությունները գրի է առնում:
Եվ եթե նրանցից որևէ մեկը ինչ-որ հետաքրքիր բան է պատմում, աշխարհագրագետը ստուգում է, թե կարգին մարդ է այդ ճանապարհորդը:
– Իսկ ինչո՞ւ:
– Ախր եթե ճանապարհորդը սկսի փչել, այն ժամանակ աշխարհագրության դասագրքերում ամեն ինչ իրար կխառնվի: Եվ եթե մի երկու բաժակ ավելի է խմել, էլի վատ է:
– Ինչո՞ւ…
– Որովհետև հարբեցողների աչքին ամեն բան զույգ է երևում: Եվ այնտեղ, ուր իրականում մի սար կա, աշխարհագրագետը երկուսը կնշի:
– Ես ճանաչում եմ մի մարդու, որից շատ վատ ճանապարհորդ դուրս կգար, – նկատեց Փոքրիկ իշխանը:
– Շատ հավանական է: Ուրեմն այսպես, եթե պարզվում է, որ ճանապարհորդը կարգին մարդ է, այն ժամանակ ստուգում են նրա հայտնագործությունը:
– Ինչպե՞ս են ստուգում: Գնում և նայո՞ւմ են…
– Չէ՛, ի՜նչ ես ասում: Դա շատ բարդ է: Ուղղակի պահանջում են, որ ճանապարհորդը ապացույցներ ներկայացնի: Օրինակ, եթե նա մեծ սար է հայտնագործել, թող այնտեղից մեծ-մեծ քարեր բերի:
Աշխարհագրագետը հանկարծ հուզվեց.
– Բայց չէ՞ որ դու էլ ես ճանապարհորդ: Հեռվից ես եկել: Պատմի՛ր ինձ քո մոլորակի մասին:
Եվ աշխարհագրագետը բաց արեց իր հաստափոր գիրքն ու մատիտը սրեց: Ճանապարհորդների պատմությունները նախ մատիտով են գրում և միայն հետո, երբ ճանապարհորդը ապացույցներ է բերում, կարելի է նրա պատմածը գրանցել թանաքով:
– Ես քեզ լսում եմ, – ասաց աշխարհագրագետը:
– Դե իմ մոլորակի վրա այնքան էլ հետաքրքիր բաներ չկան, – շշնջաց Փոքրիկ իշխանը: – Իմ մոլորակի վրա ամեն ինչ փոքր է: Երեք հրաբուխ կա: Երկուսը գործում են, իսկ մեկը վաղուց հանգած է: Բայց դե ո՞վ գիտե, մեկ էլ տեսար…
– Այո՛, ամեն ինչ կարող է պատահել, – հաստատեց աշխարհագրագետը:
– Հետո ես մի ծաղիկ ունեմ:
– Ծաղիկները մենք չենք նշում:
– Ինչո՞ւ… չէ՞ որ ծաղիկը ամենագեղեցիկ բանն է:
– Որովհետև ծաղիկները վաղանցիկ են:
– Ի՞նչ է նշանակում վաղանցիկ:
– Աշխարհագրության գրքերը աշխարհում ամենաթանկ գրքերն են, – բացատրեց աշխարհագրագետը: – Նրանք երբեք չեն հնանում: Չէ՞ որ քիչ է պատահում, որ սարը տեղից շարժվի, կամ, ասենք, օվկիանոսը ցամաքի: Մենք գրում ենք հավերժական և անփոփոխ առարկաների մասին:
– Բայց հանգած հրաբուխը կարող է նորից արթնանալ, – ընդհատեց Փոքրիկ իշխանը: – Իսկ ի՞նչ է նշանակում վաղանցիկ:
– Հանգել է հրաբուխը, թե գործում է, մեզ՝ աշխարհագրագետներիս համար նշանակություն չունի, – ասաց աշխարհագրագետը:
– Կարևորը սարն է: Սարը չի փոխվում:
– Իսկ ի՞նչ է նշանակում «վաղանցիկ», – հարցրեց Փոքրիկ իշխանը, որը երբ մի հարց էր տալիս, էլ չէր հանգստանում, մինչև պատասխանը չստանար:
– Այդ նշանակում է այն, ինչը շուտով պիտի անհետանա:
– Իմ ծաղի՞կն էլ շուտով պիտի անհետանա:
– Հասկանալի է:
«Իմ ուրախությունն ու գեղեցկությունը հավիտենական չեն, – ինքն իրեն ասաց Փոքրիկ իշխանը, – և նա ոչինչ չունի պաշտպանվելու համար, նրա ունեցածը չորս փուշ է: Իսկ ես նրան լքեցի ու նա մեն-մենակ մնաց իմ մոլորակի վրա»:
Դա առաջին անգամ էր, որ նա ափսոսաց լքված ծաղկի համար: Բայց անմիջապես արիացավ:
– Դուք ի՞նչ խորհուրդ կտաք ինձ, ո՞ւր կարելի է գնալ, – հարցրեց նա աշխարհագրագետին:
– Այցելիր Երկիր մոլորակը, նա բավական լավ համբավ ունի, – պատասխանեց աշխարհագրագետը:
Եվ Փոքրիկ իշխանը ճամփա ընկավ, բայց նրա մտքերը լքված ծաղկի հետ էին…