
Կաթողիկե եկեղեցու կամ Թալինի մեծ տաճարի կառուցման ժամկետը հայտնի չէ, պատմական աղբյուրներում այն չի հիշատակվում: Պատմաբանները կարծում են, որ եկեղեցին հիմնադրել են Կամսարականները, VII դարի երկրորդ կեսին: Կա վարկած, որ այն կառուցվել է այն ժամանակ, երբ Հայոց եկեղեցին ստիպված է եղել ընդունել քաղկեդոնականությունը: Ի տարբերություն այդ ժամանակաշրջանի հայկական մյուս եկեղեցիների, Թալինի տաճարը շքեղ քանդակազարդեր ունի: Թալինի Կաթողիկե եկեղեցին որմանկարներով է զարդարված եղել, որոնցից շատ քիչ կտորներ են պահպանվել: Գլխավոր խորանի վերին մասում Հիսուս Քրիստոսը, Մարիամ Աստվածածինը և սրբերի դիմապատկերներ են պատկերված: Տաճարի հայտնի որմնանկարներն են՝ «Քրիստոսը Փառքի մեջ» և «Մուտք Երուսաղեմ»: Կաթողիկե եկեղեցուց ոչ հեռու Ներսեհ Կամսարականի եկեղեցին է: Պատի արձանագրության համաձայն, Սուրբ Աստվածածինը VII դարում կառուցել է Ներսեհ Պատրիկ Կամսարականը, ինչի համար է այն հաճախ նրա անունով են կոչում: Կամսարականը, արձանագրության համաձայն, եկեղեցին հիմնել է իր, կնոջ և որդու բարօրության համար: Կարմրավուն տուֆից կառուցված եկեղեցին զուսպ հարդարանք ունի, աչքի է ընկնում երկշարք, ատամնաշար քիվը: 1840 և 1931 թվականների երկրաշարժից Կաթողիկե եկեղեցին զգալի տուժել է, քանդվել է գմբեթը և մի մասը: Վերականգնողական աշխատանքներ են կատարվել տարբեր ժամանակներում, որոնցից մեկի ընթացքում զուգահեռ կատարվող պեղումներով բացվել են միանավ մատուռի ավերակներ: Կա վարկած, որ այս կառույցի ստորին հատվածում գերեզմանատուն է եղել: Հայտնաբերվել են նաև քառակող կոթողներ և բարձրաքանդակներ: