Այսօր մեզ մոտ ընթերցյանության օր էր. Ես շարունակում եմ կարդալ <<Փոքրիկ Իշխան>>-ը, ես արդեն հասել եմ XX-XXI-րդ մասը 88-98-րդ էջը.
Ահա թե ինչքան եմ ես կարդացել.
XX
Երկար քայլեց Փոքրիկ իշխանը ավազների, ժայռերի ու ձյան միջով, մինչև որ դուրս եկավ մի ճանապարհ: Իսկ բոլոր ճանապարհները, հայտնի է, տանում են մարդկանց մոտ: – Բարի օր, – ասաց նա:
Նրա առաջ վարդերով ծածկված մի պարտեզ էր:
– Բարի օր, – արձագանքեցին վարդերը:
Եվ Փոքրիկ իշխանը տեսավ, որ նրանք բոլորն էլ նման են իր ծաղկին:
– Ովքե՞ր եք դուք, – զարմանքից քար կտրած՝ հարցրեց Փոքրիկ իշխանը:
– Մենք վարդեր ենք, – պատասխանեցին նրանք:
– Ահա թե ի՜նչ… – շշնջաց Փոքրիկ իշխանը:
Եվ իրեն շատ-շատ դժբախտ զգաց: Նրա գեղեցկուհին ասում էր, որ իր նմանը ամբողջ տիեզերքում չկա: Եվ ահա միայն մի այգում ճիշտ և ճիշտ իր ծաղկի նման հինգ հազար ծաղիկ կա:
«Ինչքան կջղայնանար, եթե տեսներ այս տեսարանը, – մտածեց Փոքրիկ իշխանը: – Նա կսկսեր սարսափելի հազալ ու ցույց կտար, թե մեռնում է, միայն թե ծիծաղելի չերևար: Իսկ ես ստիպված պիտի խնամեի նրան, ինչպես հիվանդին են խնամում, թե չէ նա իսկապես կմեռներ, միայն թե ինձ կստորացներ»:
–Իսկ հետո նա մտածեց. «Իսկ ես կարծում էի, թե աշխարհում միակ ծաղկի տերն եմ, մի այնպիսի ծաղկի, որի նմանը ոչ ոք չունի, այնինչ դա ամենասովորական մի ծաղիկ է եղել: Ընդամենը ես ունեցել եմ մի հասարակ վարդ և իմ ծնկներին հասնող երեք հրաբուխ, որոնցից մեկը հանգել է և գուցե՝ ընդմիշտ… դրանից հետո ես էլ ի՞նչ իշխան եմ…»:
Նա պառկեց խոտերի վրա ու լաց եղավ:
XXI
Հենց այստեղ էլ հայտնվեց աղվեսը:
– Բարև, – ասաց նա:
– Բարև, – քաղաքավարի պատասխանեց Փոքրիկ իշխանը՝ գլուխը շուռ տալով: Բայց նա ոչ ոքի չտեսավ:
– Ես այստեղ եմ, – նորից լսվեց ձայնը: – Խնձորենու տակ…
– Դու ո՞վ ես, – հարցրեց Փոքրիկ իշխանը: – Ինչքան սիրո՜ւն ես…
– Ես աղվեսն եմ, – ասաց աղվեսը:
– Մի քիչ խաղա ինձ հետ, – խնդրեց Փոքրիկ իշխանը, – ես շատ տխուր եմ:
– Ես քեզ հետ խաղալ չեմ կարող, – պատասխանեց աղվեսը, – ես ընտելացած չեմ:
– Ախ, ների՛ր, – ասաց Փոքրիկ իշխանը:
Հետո մի փոքր մտածելով՝ հարցրեց.
– Իսկ ինչպե՞ս են ընտելացնում:
– Դու տեղացի չես երևում, – նկատեց աղվեսը: – Ի՞նչ ես փնտրում այստեղ:
– Մարդկանց եմ փնտրում, – պատասխանեց Փոքրիկ իշխանը:
Իսկ ինչպե՞ս են ընտելացնում:
– Մարդիկ հրացան ունեն և որսի են դուրս գալիս: Դա շատ անհարմար բան է: Հետո՝ նրանք հավ են պահում: Նրանց լավն էլ միայն այդ է: Դու հա՞վ ես փնտրում:»
– Ո՛չ, – ասաց Փոքրիկ իշխանը: – Ես բարեկամ եմ փնտրում: Իսկ ինչպե՞ս են ընտելացնում:
– Դա վաղուց մոռացված հասկացողություն է,– բացատրեց աղվեսը: – Դա նշանակում է՝ կապվել մեկի հետ…
– Կապվե՞լ…
– Հենց բանն էլ այդ է, – ասաց աղվեսը: – Դու ինձ համար առայժմ միայն մի փոքրիկ տղա ես, այնպես, ինչպես մյուս հարյուրհազարավոր տղաները:
Եվ դու ինձ պետք չես: Ես էլ քեզ պետք չեմ: Ես քեզ համար ընդամենը մի սովորական աղվես եմ, այնպես, ինչպես մյուս հարյուրհազարավոր աղվեսները: Բայց եթե դու ինձ ընտելացնես, մենք անհրաժեշտ կդառնանք մեկս մյուսի համար: Դու ինձ համար ամբողջ աշխարհում միակը կդառնաս, ես էլ քեզ համար ամբողջ աշխարհում կդառնամ միակը…
– Ես սկսում եմ հասկանալ, – ասաց Փոքրիկ իշխանը: – Մի վարդ կար… որը երևի ինձ ընտելացրել էր…
– Շատ հավանական է, – համաձայնեց աղվեսը: – Երկրի վրա ինչեր ասես, որ չեն լինում:
– Դա երկրի վրա չէր. – ասաց Փոքրիկ իշխանը:
Աղվեսը շատ զարմացավ:
– Ուրիշ մոլորակի վրա…
– Այո՛:
– Իսկ այդ մոլորակի վրա որսորդներ կա՞ն:
– Ո՛չ:
– Ինչ հետաքրքիր է: Իսկ հավ կա՞:
– Ո՛չ:
– Աշխարհում կատարյալ ոչինչ չի լինում, – հառաչեց աղվեսը:
Բայց հետո նա նորից խոսեց նույն բանի մասին.
– Իմ կյանքը ձանձրալի է անցնում: Ես հավ եմ որսում, իսկ մարդիկ որսում են ինձ: Բոլոր հավերը մեկ են, և մարդիկ էլ մեկ են: Եվ իմ կյանքը ձանձրալի է: Բայց եթե դու ինձ ընտելացնես, իմ կյանքը, ոնց որ արևից, կլուսավորվի: Քո ոտնաձայները ես հազարավոր ոտնաձայներից կտարբերեմ: Մարդկանց ոտնաձայները լսելով՝ ես միշտ փախչում եմ և թաքնվում գետնի տակ: Բայց քո քայլվածքը երգի պես ինձ կկանչի, և ես դուրս կգամ իմ թաքստոցից: Եվ հետո նայիր… Տեսնո՞ւմ ես, այնտեղ՝ արտերի մեջ, հասնում է ցորենը: Ես հաց չեմ ուտում: Հասկերն ինձ պետք չեն: Ցորենի արտերը ինձ ոչինչ չեն հիշեցնում: Եվ դա շատ տխուր բան է: Բայց դու ոսկե մազեր ունես: Եվ ինչքան լավ կլինի, որ դու ինձ ընտելացնես: Ոսկե ցորենը կհիշեցնի ինձ քո մասին: Եվ ես կսկսեմ սիրել քամուց օրորվող հասկերի շրշյունը…
Աղվեսը լռեց ու երկար ժամանակ նայում էր Փոքրիկ իշխանին: Հետո ասաց.
– Խնդրում եմ, ընտելացրու ինձ:
– Ես ուրախությամբ այդ կանեի, – պատասխանեց Փոքրիկ իշխանը, – բայց ես այնքան քիչ ժամանակ ունեմ… Ես դեռ բարեկամներ պիտի փնտրեմ և նրանցից դեռ ուրիշ շատ բաներ պիտի իմանամ: – Իմանալ կարելի է միայն այն բաները, որոնց հնարավոր է ընտելացնել, – ասաց աղվեսը: – Մարդիկ արդեն ժամանակ չունեն որևէ բան իմանալու համար: Նրանք հիմա իրերն էլ պատրաստի են գնում խանութներում: Բայց չէ՞ որ չկան այնպիսի խանութներ, որտեղ հնարավոր լինի բարեկամներ վաճառել, և հենց դրա համար էլ մարդիկ այլևս բարեկամներ չունեն: Եթե ուզում ես բարեկամ ունենալ, ընտելացրու ինձ: – Իսկ դրա համար ի՞նչ է պետք անել, – հարցրեց Փոքրիկ իշխանը:
– Հարկավոր է համբերություն ունենալ, – պատասխանեց աղվեսը: – Նախ՝ նստիր այնտեղ՝ խոտի վրա, այ, այդպես: Ես քեզ վրա ծուռ-ծուռ կնայեմ, բայց դու սուս մնա: Խոսքերը միայն խանգարում են իրար լավ հասկանալուն: Նստիր այնտեղ, բայց օր օրի վրա մի փոքր մոտեցիր… Հաջորդ օրը Փոքրիկ իշխանը նորից եկավ նույն տեղը:
– Ավելի լավ է միշտ նույն ժամին արի, – խնդրեց աղվեսը: – Ա՜յ,օրինակ, եթե դու գաս ժամը չորսին, ես ժամը 3-ից արդեն ինձ երջանիկ կզգամ: Եվ որքան ավելի մոտենա նշանակված ժամը, այնքան ավելի երջանիկ կզգամ: Ժամը չորսին ես արդեն կսկսեմ հուզվել և անհանգստանալ: Ես կսկսեմ զգալ երջանկության գինը: Իսկ եթե դու ամեն անգամ տարբեր ժամի գաս, ես չեմ իմանա, թե որ ժամի համար նախապատրաստեմ իմ սիրտը…
Անհրաժեշտ է պահպանել ծիսակատարությունը:
– Իսկ ի՞նչ բան է ծիսակատարություն, – հարցրեց Փոքրիկ իշխանը:
– Դա էլ վաղուց մոռացված բան է, – բացատրեց աղվեսը: – Դա մի բան է, որի շնորհիվ մի օրը այլևս նման չի լինում մյուս օրերին, ժամը՝ մյուս ժամերին: Այ, օրինակ, իմ որսորդները այսպիսի ծիսակատարություն ունեն. հինգշաբթի օրերը նրանք պարում են գյուղի աղջիկների հետ: Եվ ի՛նչ հիանալի օր է հինգշաբթին: Ես զբոսանքի եմ գնում և հասնում մինչև խաղողի այգիները: Իսկ եթե որսորդները պարեին երբ խելքները փչեր, բոլոր օրերը միանման կլինեին, և ես երբեք չէի հանգստանա:
Այսպես Փոքրիկ իշխանը աղվեսին ընտելացրեց: Եվ ահա հասավ հրաժեշտի ժամը:
– Ես լաց կլինեմ քեզ համար, – հառաչեց աղվեսը:
– Դու ես մեղավոր, – ասաց Փոքրիկ իշխանը: – Ես չէի ուզում, որ քեզ համար դժվար լինի, դու ինքդ խնդրեցիր, որ քեզ ընտելացնեմ:
– Այո, իհարկե, – ասաց աղվեսը:
– Բայց դու լավ կլինես:
– Այո՛, իհարկե:
– Նշանակում է, որ դու վատ ես զգում քեզ:
– Ո՛չ, – առարկեց աղվեսը: – Ես ինձ լավ եմ զգում: Հիշիր, թե քեզ ինչ էի ասում ոսկե հասկերի մասին:
Նա լռեց: Հետո ավելացրեց.
– Գնա, մի անգամ էլ նայիր վարդերին: Դու կհասկանաս, որ քո վարդը աշխարհում միակն է: Իսկ երբ վերադառնաս ինձ հրաժեշտ տալու, ես քեզ մի գաղտնիք կասեմ: Դա կլինի իմ նվերը քեզ:
Փոքրիկ իշխանը գնաց վարդերին նայելու:
– Դուք բոլորովին նման չեք իմ վարդին, – ասաց նա: – Դուք դեռ ոչինչ եք: Ոչ ոք ձեզ չի ընտելացրել, և դուք ոչ ոքի չեք ընտելացրել: Առաջ իմ աղվեսն էլ ձեզ նման էր: Նա ոչնչով չէր տարբերվում մյուս հարյուրհազարավոր աղվեսներից: Բայց ես նրա հետ բարեկամացա, և հիմա նա միակն է ամբողջ աշխարհում:
Վարդերը շատ շփոթվեցին:
– Դուք գեղեցիկ եք, բայց դատարկ, – շարունակեց Փոքրիկ իշխանը: – Ձեզ համար ոչ ոք չի ուզենա մեռնել: Իհարկե, պատահական անցորդը, նայելով իմ վարդին, կասի, որ նա ճիշտ և ճիշտ ձեզ նման է: Բայց ինձ համար մենակ նա ավելի թանկ է, քան դուք բոլորդ: Չէ՞ որ նրա՛ն և ոչ թե ձեզ էի ես ամեն օր ջրում: Նրա՛ն և ոչ թե ձեզ էի ամեն օր ապակիով ծածկում: Քամուց պաշտպանվելու համար նրան էի շիրմայով առանձնացնում: Նրա համար ես սպանեցի թրթուրներին և միայն երկու-երեք հատ թողեցի, որ թիթեռներ դուրս գան: Ես լսում էի, թե ինչպես է նա տրտնջում և ինչպես է պարծենում, ես լսում էի նրան նույնիսկ այն ժամանակ, երբ նա լռում էր: Նա իմն է:
Եվ Փոքրիկ իշխանը վերադարձավ աղվեսի մոտ:
– Մնաս բարով, – ասաց նա:
– Գնաս բարով, – ասաց աղվեսը: – Ահա իմ գաղտնիքը, որը շատ հասարակ է. միայն սիրտն է սրատես: Ամենագլխավորը աչքով չես տեսնի:
– Ամենագլխավորը աչքով չես տեսնի, – կրկնեց Փոքրիկ իշխանը, որպեսզի լավ հիշի:
– Քո վարդը քեզ համար այդքան թանկ է, որովհետև դու նրան տվել ես քո ամբողջ հոգին:
– Որովհետև ես նրան տվել եմ իմ ամբողջ հոգին… – կրկնեց Փոքրիկ իշխանը, որպեսզի լավ հիշի:
– Մարդիկ մոռացել են այս ճշմարտությունը, – ասաց աղվեսը: – Բայց դու մի՛ մոռացիր, որ հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես: Դու պատասխանատու ես քո վարդի համար:
– Ես իմ վարդի համար պատասխանատու եմ… – կրկնեց Փոքրիկ իշխանը, որպեսզի լավ հիշի: