Posted in Մայրենի

ԸՆԹԵՐՑՅԱՆՈՒԹՅԱՆ ՕՐ

Այսօր մեզ մոտ ընթերցյանության օր էր. Ես շարունակում եմ կարդալ <<Փոքրիկ Իշխան>>-ը, ես արդեն հասել եմ XXII-XXIV-րդ մասը 99-102-րդ էջը.

Ահա թե ինչքան եմ ես կարդացել.

XXII

– Բարի օր, – ասաց Փոքրիկ իշխանը:

– Բարի օր, – արձագանքեց սլաքավարը:

– Այդ ի՞նչ ես անում այստեղ, – հարցրեց Փոքրիկ իշխանը:

– Ուղևորներին եմ տեսակավորում, – պատասխանեց սլաքավարը: – Ամեն մի գնացքում հազար հոգի նստեցրած ուղարկում եմ մեկը՝ դեպի աջ, մեկը՝ ձախ:

Եվ այդ ժամանակ սլացավ-անցավ ճեպընթաց գնացքը՝ շողացնելով պատուհանների լույսերը: Սլաքավարի փոքրիկ տնակը ամբողջովին սկսեց ցնցվել:

– Ինչքա՜ն են շտապում, – զարմացավ Փոքրիկ իշխանը: –

Ի՞նչ են փնտրում նրանք:

– Նույնիսկ ինքը՝ մեքենավարը, դա չգիտի, – ասաց սլաքավարը:

Այս անգամ էլ լույսերը շողացնելով՝ հակառակ կողմը սլացավ մի ուրիշ ճեպընթաց:

– Նրանք արդեն վերադառնո՞ւմ են, – հարցրեց Փոքրիկ իշխանը:

– Ո՛չ, սա ուրիշ է, – ասաց սլաքավարը: – Սա հանդիպակացն է:

– Նրանց համար վատ էր այնտեղ, որտեղ առաջ էին:

– Այնտեղ է լավ, որտեղ մենք չկանք, – ասաց սլաքավարը:

Եվ շողալով ու դղրդալով անցավ երրորդ ճեպընթացը:

– Սրանք ուզում են հասնել այն առաջինների՞ն, – հարցրեց Փոքրիկ իշխանը:

– Նրանք ոչինչ էլ չեն ուզում, – ասաց սլաքավարը: – Նրանք վագոններում կամ քնած են, կամ նստած հորանջում են: Միայն երեխաներն են քթները հպել պատուհանների ապակիներին:

– Միայն երեխաները գիտեն, թե ինչ են փնտրում, – շշնջաց Փոքրիկ իշխանը: – Նրանք իրենց ամբողջ հոգին տալիս են լաթե տիկնիկին, և այդ տիկնիկը նրանց համար շատ թանկ է դառնոմ, և եթե նրանցից տիկնիկը խլեն, երեխաները կսկեն լալ…

– Երջանիկ են նրանք, – ասաց սլաքավարը:

XXIII

– Բարի օր, – ասաց Փոքրիկ իշխանը:

– Բարի օր, – պատասխանեց առևտրականը:

Նա ծարավը հագեցնող հաբեր էր վաճառում: Ով որ մի այդպիսի հաբ լուլ տար, հետո ամբողջ մի շաբաթ ջուր չէր խմի:

– Ինչի՞ համար ես դրանք վաճառում, – հարցրեց Փոքրիկ իշխանը:

– Սրանք ահագին ժամանակ են խնայում, – պատասխանեց առևտրականը: – Մասնագետների հաշվարկներով՝ կարելի է շաբաթական հիսուներեք րոպե խնայել:

– Իսկ ի՞նչ պիտի անեն այդ հիսուներեք րոպեում:

– Ինչ ուզես:

«Ես որ հիսուներեք րոպե ազատ ժամանակ ունենայի, ուղղակի կգնայի աղբյուրը՝ ջուր խմելու…»:

XXIV

Այն օրից, ինչ ես վթարի էի ենթարկվել, անցել էր ուղիղ մեկ շաբաթ և լսելով հաբ վաճառողի պատմությունը՝ ես խմեցի իմ վերջին կում ջուրը:

– Այո՛,– ասացի Փոքրիկ իշխանին, – այն, ինչ դու պատմում ես, շատ հետաքրքիր է, բայց ես դեռ չեմ նորոգել իմ օդանավը, ոչ մի կաթիլ ջուր չունեմ այլևս, և ես նույնպես երջանիկ կլինեի, եթե ուղղակի աղբյուր գնալու ժամանակ ունենայի:

– Այն աղվեսը, որի հետ ես բարեկամացա…

– Սիրելի՛ս, ես հիմա քո աղվեսի մասին լսելու ժամանակ չունեմ:

– Ինչո՞ւ:

– Որովհետև ստիպված պիտի ծարավից մեռնեմ…

Նա չհասկացավ, թե ինչ կապ կա աղվեսի և ծարավից մեռնելու մեջ, և առարկեց.

– Նույնիսկ երբ պետք է մեռնել, լավ է, երբ բարեկամ կա: Ա՛յ, ես շատ ուրախ եմ, որ բարեկամացել եմ աղվեսի հետ…

«Նա չի հասկանում, թե վտանգն ինչքան մեծ է: Նա երբեք քաղց ու ծարավ չի զգացել: Նրան բավականացնում է անգամ արևի մի ճառագայթը»:

Ես սա բարձրաձայն չասեցի, այլ միայն մտածեցի: Բայց Փոքրիկ իշխանը նայեց ինձ ու շշնջաց.

– Ես էլ եմ ուզում խմել… գնանք ջրհոր փնտրենք…

Ես ձեռքով մի հոգնած շարժում արեցի… Ի՞նչ օգուտ անծայր անապատում ենթադրաբար ջրհոր փնտրելուց: Բայց, այնուամենայնիվ, մենք ճամփա ընկանք:

Երկար ժամանակ մենք քայլում էինք լուռ: Վերջապես մթնեց, և աստղերն սկսեցին երկնքում մեկիկ-մեկիկ վառվել: Ծարավից ես տենդի մեջ էի ընկել, և ինձ թվում էր, թե երազիս մեջ եմ աստղերը տեսնում: Անընդհատ հիշում էի Փոքրիկ իշխանի խոսքերը, և ես նրան հարցրի.

– Ուրեմն դո՞ւ էլ գիտես, թե ինչ բան է ծարավը:

Բայց նա չպատասխանեց: Նա ուղղակի ասաց.

– Սրտին էլ է ջուր պետք:

Ես չհասկացա, բայց լռեցի: Ես գիտեի, որ պետք չի նրան հարցուփորձ անել:

Նա հոգնեց: Նստեց ավազի վրա: Ես նստեցի նրա կողքին: Լռեցինք: Հետո նա ասաց.

– Աստղերը շատ գեղեցիկ են, որովհետև նրան վրա ինչ-որ մի տեղ կա մի ծաղիկ, թեև չի երևում…

– Այո, իհարկե, – ասացի ես՝ նայելով լուսնի լույսով լուսավորված ալիքվող ավազին:

– Անապատն էլ է գեղեցիկ, – ավելացրեց Փոքրիկ իշխանը:

– Դա ճիշտ է: Ինձ անապատը միշտ էլ դուր է եկել: Նստում ես ավազաթմբի վրա՝ ոչինչ չի երևում, ոչինչ չի լսվում: Բայց էլի լռության մեջ ինչ-որ բան շողում է…

– Գիտե՞ս ինչու է անապատը լավ, – ասաց նա: – Նրա մեջ ինչ-որ տեղերում աղբյուրներ են թաքնված…

Ես մնացի քարացած, հանկարծ հասկացա, թե ինչ է նշանակում ավաից բխող խորհրդավոր լույսը: Մի ժամանակ, երբ ես փոքրիկ տղա էի, ապրում էի մի հին, շատ հին տան մեջ: Պատմում էին, թե այդ տանը գանձ կա թաքցրած: Հասկանալի է, որ այդպես էլ այդ գանձը ոչ ոք չգտավ, գուցե ոչ ոք երբեք էլ չէր փնտրել այն: Բայց դրա պատճառով տունը ոնց որ կախարդված լիներ: Այդ տունն իր սրտում գաղտնիք ուներ պահած…

– Այո, – ասացի ես: – Լինի դա տուն, աստղ կամ անապատ, դրանց ամենագեղեցիկն այն է, որ աչքով չես տեսնի:

– Ես շատ ուրախ եմ, որ դու համաձայն ես իմ բարեկամ աղվեսի հետ, – արձագանքեց Փոքրիկ իշխանը:

Հետո նա քնեց: Ես նրան առա ձեռքերիս վրա ու շարունակեցի ճամփան:

Ես հուզված էի: Ինձ թվում էր, թե փխրուն մի գանձ եմ տանում: Ինձ թվում էր, որ մեր Երկրի վրա նրանից ավելի փխրուն բան չկա:

Լուսնի լույսի տակ ես նայեցի նրա գունատ ճակատին, իրար միացած թարթիչներին, մազերի ոսկե փնջերին, որոնց հետ խաղում էր քամին, և ասում էի ինքս ինձ, որ այս բոլորը միայն պատյանն է: Ամենագլխավորը այն է, որ հասարակ աչքերով չես տեսնի…

Նրա կիսաբաց շրթունքները ժպիտից շարժվեցին, և ես ինձ ասացի էլի. «Ամենահուզիչ բանը այս քնած Փոքրիկ իշխանի մեջ ծաղկի նկատմամբ նրա հավատարմությունն է, այն վարդի կերպարը, որը կանթեղի նման շողում է նրա մեջ նույնիսկ այն ժամանակ, երբ նա քնած է»: Եվ ես հասկացա, որ նա ավելի փխրուն է, քան թվում է: Կանթեղը պետք է պահպանել. քամու պոռթկումից այն կարող է հանգչել:

Այդպես ես գնացի և լուսադեմին հասա ջրհորին:

Leave a comment